Բրյուսելում ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի ղեկավարության հանդիպման ժամանակ կուրյոզ է տեղի ունեցել:

Ինչպես BBC-ի ադրբեջանական ծառայությունն է հաղորդում, Ադրբեջանի նախագահի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռասմուսենը մոռացել է ողջունել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:

Նախքան իրենց համար նախապատրաստված սեղանին մոտենալը՝ Ալիեւը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ ասելով. «Իսկ սա մեր թիմն է» ու ցույց է տվել Մամեդյարովին ու նախագահի վարչակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովին, որոնք հետեւում էին նախագահին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հասկացել է, որ մոռացել է ադրբեջանական պատվիրակության անդամների մասին ու շտապել է ողջունել նրանց: Կուրյոզը ներկաների ծիծաղն է հարուցել: