Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները հունվարի 16-ին հավաքվել են կառավարության առջև՝ պահանջով, որ կառավարությունը վերադարձնի 2002-2004թթ գերակա շահ ճանաչված և իրենցից չնչին գումարներով գնված բնակարանների իրական արժեքին համապատասխան գումարները:

«12 տարի է՝ պայքարում ենք: 12 տարի մեզ խաբում են, տները քանդելուց մեզ խաբել են, ասել են պետական կարիքների համար, բայց իրենց համար բնակարաններ են սարքել»,- NEWS.am-ին ասաց Բուզանդ փողոցի նախկին բնակիչ Քնարիկ Առաքելյանը:

Նրա խոսքով` իրենց չնչին գումարներ են տվել. «145ք/մ-ը կադաստրից խաբեցին, դարձրեցին 115,6 ք/մ և 46 հազար դոլար գումար տվեցին: Ինչի՞ համար, ես բնակարան ունեի, ինչո՞ւ պիտի հիմա փեսայիս հետ ապրեմ»:

«Ու էդ փողն էլ կիսատ-պռատ տվեցին: Մի ամիս անցավ, 20 հազար դոլար տվեցին, 2 ամիս անցավ 20 հազարը տվեցին, 2 տարի անցավ 10%-ը տվեցին, 10%-ն էլ պահեցին և եկել, ժողովրդի անունից են խոսում, ժողովուրդը թքում է երեսներիդ, ասում եք անձրև է գալիս: Սրանք այլ մոլորակից եկել են, որ ժողովրդին կեղեքեն»,-վրդովված  ասաց Բուզանդի նախկին բնակիչը:

Լալայան 29-ի նախկին բնակիչ Գոհար Ասատրյանն էլ ասաց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրենց ընդհարապես չի ընդունում. «Էն Մկրտչյանն է ընդունել, Կարապետյանը, փափուկ բարձը դնում են գլխներիս տակ, ընտրություններից հետո չեն էլ ուզում մեզ տեսնեն»:

Բնակիչները պատմեցին, որ իրենց բռնի ուժով են բնակարաններից հանել. «Մեր հարևանին ծեծեցին, կնոջը ծեծեցին, 10 տարեկան էրեխուն էլ խփեցին, դրանից հետո բոլորս վախեցանք, մեր կամքով տներից դուրս եկանք»:

Հյուսիսային պողոտայի բնակիչները այս անգամ էլ որևէ պաշտոնյայի չհանդիպեցին և կրկին հուսախաբ հեռացան։