Դեկտեմբերի 28-ին` ժամը 14:35-ին, ոստիկանություն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 26-28-ն ընկած ժամանակահատվածում առևանգել են Ռուբինյան փողոցի շենքերից մեկի բակում կայանած իր Daewoo Tico մակնիշի ավտոմեքենան:
Գողությունը կատարելու կասկածանքով իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել Զարյան փողոցի երկու երիտասարդ բնակիչներ` փեսա ու աներձագ Գևորգ Հովսեփյանն ու անչափահաս Անդրանիկը:
Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալներից բացի ավտոմեքենան առևանգելու կասկածանքով ոստիկանությունում է հայտնվել նաև Ասյա Ասիրյանը` Անդրանիկի մայրը:
Բերման ենթարկվածները խոստովանական ցուցմունք են տվել:
Ըստ նախնական տեղեկությունների` «ընտանեկան գործը» սկսել են Գևորգն ու Անդրանիկը:
«Դուռը բացեցինք և տարանք Կոմիտասի «Սիթի»»,- ոստիկաններին պատմել է Գևորգը:
Սակայն մեքենան չեն կարողացել նշանակետին հասցնել և ստիպված օգնական ուժի են դիմել` մեքենան հրելու համար կանչել են Ասյա Ասիրյանին` Գևորգի զոքանչին:
Զարյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են առևանգված մեքենան, որը ոչ թե նախկին սպիտակ գույնն է ունեցել, այլ ներկված է եղել սև գույնով: Այդպես երիտասարդները ցանկացել են թաքցնել հետքերը:
Մեքենան առևանգելուց հետո երիտասարդները հանել են ձայնագրիչն ու էլեկտրական մարտկոցը, որոնք ոստիկանները նույնպես հայտաբերվել ու առգրավվել են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











