Ոստիկանությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 22:15-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկից ոստիկանները ապօրինի թմրամիջոցներ պահելու, տեղափոխելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել երևանցի Հրաչյա Մելքոնյանին:
Անձնական խուզարկությամբ ոստիկանները կասկածյալի մոտից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է գործարանային երեք թիթեղաշերտ` «Սուբուտեքս» R8 MG գրառումով և 20 դեղահաբով:
Հրաչյա Մելքոնյանի խոսքով` հայտնաբերված ապօրինի զանգվածը հոր` «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արսեն Մելքոնյանի ուղղորդմամբ Երևան–Արտաշատ ավտոճանապարհին իրեն է տվել անծանոթ մի երիտասարդ:
«Ինձ պապան ասելա նստեմ ավտո, ուղղությունը վեկալեմ Նորագավիթի կողմ: Նորագավիթ հասնելուց առաջ զանգել եմ, ասել ա՝ կթեքվես դեպի Մասիսի տռաս, ըտեղ ինչ-որ օբյեկտ կա, ասել ա՝ դրա մոտ կկանգնես, մի մարդ լյարդիս համար դեղ կտա, կասեմ ինչ կանես»:
Ոստիկաններին հաջողվել է պարզել Հրաչյային թմրազանգվածը տված անձի ինքնությունը` 1987թ. ծնված Ստեփան Մկրչյան, որին ոստիկանները նույն օրը` ժամը 23:50 սահմաններում, Նորագավիթ թաղամասի կամրջի մոտից հայտաբերել և բերման են ենթարկվել:
Մկրտչյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Սուբուտեքս» R8 MG գրառմամբ 10 դեղահաբ:
Նույն օրը` ժամը 23:55-ի սահմաններում, անօրինական թմրամիջոցներ պահելու, գործածելու և իրացնելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել 1987թ. ծնված, Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ Ռազմիկ Բարսեղյանին:
Ոստիկանությունը հայտնում է, որ կեսգիշերն անց Ստեփան Մկրչյանը ոստիկաններին է հանձնել պոլիէթիլենային տոպրակ, որի միջից հայտնաբերվել է «Սուբուտեքս» գրառմամբ 181 ամբողջական դեղահաբ և տարբեր չափերի դեղահաբերի 4 կտոր: Կասկածյալի խոստովանությամբ թմրազանգվածը Ֆրանսիայից ուղարկել է իր ծանոթ` ոմն Հմայակ Հովհաննիսյանը:
Քրեական գործի շրջանակում դեկտեմբերի 27-ին անօրինական թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել 1951թ. ծնված Զոյա Մկրտչյանին, որը ոստիկաններին ներկայացրել է թաքցրած ծխախոտի տուփ, որի մեջ եղել է սպիտակ անձեռոցիկով փաթեթավորված B8 գրառմամբ օվալաձև երկու դեղահաբ: Կասկածյալի խոսքով` դեղահաբերն իրեն է տվել ազգականը` Ստեփան Մկրչյանը, անծանոթ անձի փոխանցելու համար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել են: Հրաչյա Մելքոնյանն ու Զոյա Մկրչյանը ստորագորությամբ բաց են թողնվել, իսկ Ստեփան Մկրչյանն ու Ռազմիկ Բարսեղյանը կալանավորվել են:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











