Հայաստանի վարչական դատարանն այսօր՝ հունվարի 17-ին, շարունակեց քննել ոստիկանության Կենտրոնի բաժնի հայցը՝ Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, առանց հայցվոր կողմի: Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով, այն է՝ 2013թ. օգոստոսի 1-ին քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքում վրան չտեղադրելու ոստիկանության պահանջը չկատարելը:
Նախնական դատական նիստը սկսվեց մոտ 15 րոպե ուշացումով: Հայցվոր կողմը՝ ոստիկանության ներկայացուցիչներ Դիանա Վարդանյանն ու Սոնա Մելիքյանը, չներկայացան դատարան: Դատավոր Բաղդասարյանի զանգից հետո միայն Սոնա Մելիքյանը հայտնեց, որ իրենք շփոթել են ժամը: «Սոնա Մելիքյանն ասում է, որ իրենք գիտեին՝ դատական նիստը 17:00-ին է, իսկ այս պահին գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում, իսկ գործին առնչվող նյութերն իր սեյֆում են, հետեւաբար չի կարող գալ»,- հայտարարեց դատավորը:
Արգիշտի Կիվիրյանն ու իր փաստաբաններն առաջարկեցին շարունակել նիստն առանց հայցվոր կողմի: Մինչեւ նիստի սկսվելը՝ Կիվիրյանը միջնորդություն ներկայացրեց լրագրողներին թույլ տալու տեսանկարահանել ողջ դատական ընթացքը: Դատավորն առանց որեւէ պարզաբանում տալու մերժեց միջնորդությունը եւ արգելեց լրագրողներին նկարահանել դատական նիստը:
Նիստի ընթացքում Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը հակընդդեմ հայց ներկայացրեց՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկանների գործողություններն ուղղված Արգիշտի Կիվիրյանի:
Դատավորը որոշեց եւս մեկ նախնական դատական նիստ նշանակել մինչեւ դատարանն իր դիրքորոշումը կհայտնի: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 26-ին:
Նիստից հետո Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ դատարանն ամեն կերպ փորձում է հասարակությանը չտեղեկացնել դատական նիստի մանրամասները. «Սույն գործով մշտապես լրագրողներին խոչընդոտելը վկայում է, որ ամեն կերպ փորձում են իրականացնել գործողություններ, որպեսզի հասարակությունը լիարժեք չտեղեկանա այս գործի մասին: Որեւէ պատճառաբանում չկա. ընդամենը դատարանն այսպես է ցանկանում»:
Կիվիրյանն ու իր փաստաբանները մինչեւ վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար, չնայած վարչական խախտումներին հասարակությունն այնքան էլ լուրջ չի վերաբերվում:











