Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում` վերգետնյա նորակառույց անցումի լայնությամբ, անցումից մոտ մեկուկես մետր բարձրության վրա, անցնում են էլէկտրալարեր. անցորդները ստիպված են կռացած անցնել այդ հատվածով, որպեսզի գլխով չհարվածեն հոսանքալարերին: Ոմանք էլ չեն նկատում եւ հարվածում են. NEWS.am-ի տեսախցիկը 20 րոպեում որսացել է երկու նման դեպք։
Հիշեցնենք, որ սա այն վերգետնյա անցումն է, որի շինարարությունն ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել հարակից շենքերի բնակիչների շրջանում այն պատճառով, որ անցումի աստիճաններն ընդհուպ մոտենում են շենքերի պատուհաններին՝ սպառնալով բնակիչների անվտանգությանն ու բնակարանների ներքին անցուդարձը տեսանելի դարձնելով կամրջի անցորդների համար։ Քաղաքապետարանը խնդիրը լուծել է խոցելի բնակարանները դրսից ճաղավանդակներով կամ պատուհաններով ծածկելով։











