Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 17-ին «Տոնուս» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական նիստը նորից հետաձգվեց:

Դատական նիստն անցավ բավական թեժ մթնոլորտում։ ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի «Տոնուս»  ՍՊԸ-ի կողմից խաբված բնակարանատերերն այնքան վրդովված էին, որ բղավում էին դատարանի դահլիճում՝ ասելով, որ «Արացախբանկը» իրավունք չուներ առանց իրենց կարծիքը հարցնելու շենքը գրավի տակ դնել:

«Միլիոնները, որ բանկից վերցրել են, հարցրեք՝ ի՞նչ են արել: Մենք շատ բան ենք անելու, էն ամենավերջին քայլն անելու ենք՝ մինչև Եվրադատարան գնալը, այս դատավորներին նույնիսկ կարող ենք պատասխանատվության կանչել։ Տեռոր ենք անելու»,-ասաց բնակարանատերերից մեկը՝ դիմելով «Արցախբանկի» շահերը ներկայացնող փաստաբանին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը Դավիթաշենում եւ Արաբկիրում նորակառույց շենքի բնակարանները վաճառել էր քաղաքացիներին, այնուհետեւ դրանք գրավադրել «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, «Արցախբանկն» էլ տիրացել է բնակարաններին, քաղաքացիները մնացել են ձեռնունայն եւ չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։

 «Տոնուս» ՍՊԸ-ից տուժած բնակարանատեր Զոյա Պետրոսյանը դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի հանդիպի խաբված բնակիչների հետ և հարցին որևէ լուծում տա. «Թող իմանա՝ իր երկրում ինչ է կատարվում. 250 ընտանիք, յուրաքանչյուրում 4-5 անդամ, և բոլորը դրսում են մնալու: Բոլորն էլ հասարակ մարդիկ են և տանջանքով են բնակարանները գնելու համար գումար հավաքել։ Դուք ո՞նց եք ձեռքներից վերցնում ու խաբում»:

Խաբված բնակարանատերերը  «Տոնուս» ՍՊԸ-ի գործով ևս երկու դատական հայց են ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան: