Հունվարի 18-ին, ժամը 14։00-ին Ազատության հրապարակում մեկնարկող կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի մեծ հավաք երթին արդեն կեսօրից պատրաստվում է մայրաքաղաքի ոստիկանությունը։

NEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ Շենգավիթի բաժնի մոտից ավտոբուսներով եւ ոստիկանական ու քաղաքացիական մեքենաներով ժամը 12։00-ից քաղաքի կենտրոն են ուղեւորվել մեծ թվով ոստիկաններ՝ վահաններով ու սաղավարտներով զինված։ Խմբագրությունը տեղեկություններ է ստացել նաեւ այլ քաղաքի այլ բաժանմունքներում ոստիկանական ուժերի կուտակումների մասին։

Ազատության հրապարակում ակցիայից մեկուկես ժամ առաջ արդեն բավական թվով ոստիկաններ են շրջում։ Հրապարակի հարակից փողոցներում մեծ թվով ոստիկանական մեքենաներ են կանգնած։

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը ակցիայից առաջ հանդես է եկել կոչով՝ այսօրվա հանրահավաքին լինել աչալուրջ և չտրվել սադրանքների։

Հիշեցնենք, որ այսօր 14։00-ին հանրահավաք են հրավիրել «Դեմ եմ կենսաթոշակայինին» նախաձեռնության անդամները, հավաքին մասնակցում են նաեւ խորդրդանական ոչ կոալիցիոն ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ։