Ազատության հրապարակում մեկնարկել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը, որին միացել են նաև խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) ներկայացուցիչներ: Այս պահին հրապարակում են՝ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Ժառանգությունից Ռուբիկ Հակոբյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում մեծ թվով մարդիկ են հավաքվել, ու նրանց թիվը գնալով ավելանում է։ Կազմակերպիչները նրանց դրոշներ ու պաստառներ են բաժանում։

Երթի մեկնարկից դեռ 1,5 ժամ առաջ հրապարակում սկսել էին հավաքվել ոստիկաններ եւ ակցիայի մասնակիցներ: Ոստիկանական ուժերը քաղաքի տարբեր բաժանմունքներից ավտոբուսներով կեսօրից շարժվել են դեպի Ազատության հրապարակ ու դիրքավորվել հարակից փողոցներում։

Քաղաքացիները հրապարակ են բերել «Ոչ գրպանահատությանը», «Ոչ պարտադիրին», «Դուրս եկեք մեր գրպանից», «Ոչ իշխանական տզրուկներին», «Ոչ հոգևոր անբարտավանությանը» «Ոչ անարդյունավետ կառավարությանը» «Խեղճ քսակս ծակ մեշոկիդ վնաս չի», «Յան տվեք մի քիչ էլ մենք ապրենք», «Խաբված ժողովուրդը այլևս չի վստահի» գրությամբ պաստառներով եւ անընդհատ վանկարկում են «Կասեցում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Սերժիկ, հեռացիր», «Միացում»։ Ելույթ ունեցողները շեշտում են նախաձեռնության աննախադեպ լինելը՝ քաղաքական տարբեր ուժերի համախմբվածության իմաստով։

Հավաք-երթի նպատակն է եւս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին, ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին նախաձեռնության համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Շարժմանը միացել են նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Ինչպես հավաքից առաջ հայտարարեց նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը, սպասվում է, որ այսօր նրանից երկուսը ելույթ կունենան։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ չնայած կենսաթոշակային նոր օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը վերաբերվում է միայն 1974թ-ից հետո ծնվածներին, հրապարակում մեծ թվով տարեց քաղաքացիներ կան, որոնք կոչ են անում երիտասարդներին պայքարել հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ, որպեսզի չխաբվեն այնպես, ինչպես իրենք խաբվեցին՝ ժամանակին կորցնելով խորհրդային բանկերում պահած իրենց խնայողությունները։

Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ-ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ: