Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հունվարի 18-ի «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի մեկնարկին մոտեցել է նախաձեռնողներին, զգուշացրել, որ երթն արտոնված չի, և իրենք դրա մասին բանավոր հաղորդել են, որին ի պատասխան ակտիվիսներն ասել են, որ դրա մասին իրենց պարտավոր էին զգուշացնել 7 օր առաջ:

«Դե ուրեմն դուք զգուշացրեք, որ օրենքը չխախտեն, քանի որ խախտողները կպատժվեն օրենքի խստությամբ »,- NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, երթի մասնակիցներին ասել է Վալերի Օսիպյանը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նրան խնդրել է չխանգարել և թույլ տալ շարունակել հավաքը:

Նշենք, որ Ազատության հրապարակում ժամը14:00-ին մեկնարկել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը, որին միացել են նաև խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) ներկայացուցիչներ: Հավաք-երթի նպատակն է եւս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին, ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին նախաձեռնության համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը: Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ-ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am