Տասնվեցամյա անգլիացին Բրիսթոլից դարձել է պատմության ընթացքում Հարավային բեւեռի ամեներիտասարդ նվաճողը: Լյույիս Քլարքը մինչեւ Հարավային բեւեռ հեռավորությունը հաղթահարել է 48 օրվա ընթացքում. Նրա ճանապարհորդությունը սկսվել է դեկտեմբերի 2-ին: Նա դահուկներով հաղթահարել է մոտ 1.13 հազար կմ հեռավորություն:

Պատանի բեւեռախույզը իր սարքավորումներն ու սնունդը տանում է սահնակով: Նրան ուղեկցում էր փորձառու բեւեռախույզ Կարլ Ալվին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ճանապարհորդության ընթացքում օդի ջերմաստիճանը երբեմն հասնում էր մինչեւ -50 աստիճանի, իսկ քամու արագությունը՝ 193կմ/ժ (54մ/վ):

Բեւեռախույզներին դժվարություններ էր հարուցում ոչ միայն եղանակը, տղան տանջվում էր հազից, բացի այդ կոտրվել էին դահուկները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարավային բեւեռի նվաճման նախկին ռեկորդը սահմանվել էր 2011թ.-ին, դարձյալ անգլիացի 16-ամյա Ամելիա Հեմփլաման-Ադամսի կողմից: Սակայն Լյույիսն ավելի երիտասարդ է. նա իր տարեդարձը նշել էր ճանապարհորդությունից երկու շաբաթ առաջ: