Արմավիրի մարզի Առատաշեն գյուղից հունվարի 20-ին տարբեր աստիճանի այրվածքներով Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» տեղափոխված և այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 52-ամյա Օֆելյա Մովսիսյանին և 72-ամյա Ռուդոլֆ Բաբայանին հրկիզել է կնոջ նախկին ամուսինը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը:
«էդ կնոջ նախկին ամուսինը եկել գիշերը ձայն է տվել, կինը դուրս է եկել, բենզին, թե ուրիշ վառվող հեղուկ է եղել, լցրել է կնոջ վրա ու վառել, դրա համար էլ կինն այդքան շատ այրվածքներ է ստացել: Երևի տղամարդու վրա էլ է մի քիչ լցրել, նա էլ է այրվել: Վառել է ու ինքն էլ հետո զանգել ոստիկանություն ու հրշեջներին»,- NEWS.am-ին պատմեց գյուղապետը՝ նշելով, որ Ռուդոլֆն ու Օֆելյան մոտ 10 տարի է, ինչ միասին են ապրում, բայց պարզ չէ՝ ինչ կարգավիճակով:
«13 տարի առաջ է Ռուդոլֆը եկել մեր գյուղ, տնամերձը գնել ու դոմիկ կառուցել վրան: Հետո այդ կինն եկավ, իրար հետ ապրում էին: Օֆելյան աղջիկ ունի, բայց Ռուդոլֆը, մեր իմանալով,երեխաներ չունի»,- պատմեց Առատաշենի գյուղապետը:
Նա նշեց, որ մինչեւ այս Օֆելյայի և իր նախկին ամուսնու միջև գույքային վեճ է եղել, բայց վստահ չի՝ կնոջը վառելու պատճառը դա է, թե ոչ: Բայց որ իրենց անծանոթ տղամարդու նպատակը հենց կնոջն այրելն է եղել, դրանում կասկած չունեն. Օֆելյայի աղջիկն ականատես է եղել:
«Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի» վերակենդանացման բաժնանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը NEWS.am-ին ասաց, որ թե կնոջ, թե տղամարդու վիճակն այժմ ծայրահեղ ծանր է: «Երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է, բայց կնոջ մոտ վնասվածքը համարվում է կյանքի հետ անհամատեղելի, այսինքն նա շատ քիչ շանսեր ունի ապրելու: Տղամարդը ևս ծանր վիճակում է, ունի խորը այրվածքներ, նաև շնչուղիների այրվածքներ»,- ասաց Հովհաննես Ասլանյանը:
Նշենք, որ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կինն ու տղամարդը այրվածքներ էին ստացել վագոն-տնակում բռնկված հրդեհից, մինչդեռ գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ վագոն-տանկը շատ քիչ է վնասվել. «Կարելի է ասել՝ բան չի եղել»։











