Երկուսուկես ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո ղարաբաղյան պատերազմի մասնակից, քաղցկեղով հիվանդ 62-ամյա Սերժ Պողոսյանին բժիշկներն ապրելու 1-2 օր են տվել։ Կինը՝ Վերա Չեբանուն, որը Սերժի ընտանիքի միակ անդամն է, հայտնվել է անելանելի դրության մեջ.

«Վախենում եմ, որ մի քանի օրից ամուսինս կմահանա, իսկ ես չեմ կարողանա թաղում անել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազգությամբ մոլդովացի Վերա Չեբանուն՝ խնդրելով, որ բարի մարդիկ օգնեն հոգալ թաղման ծախսերը։ 

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ոտքերից զրկված 1-ին կարգի հաշմանդամ Սերժը Պողոսյանը պետպատվերի շրջանակում երկու ամսից ավելի է, ինչ բուժվում է «Էրեբունի» ԲԿ-ում: Քաղցկեղով հիվանդին, բժիշկների ասելով, հաշված օրեր, հնարավոր է՝ ժամեր են մնացել:

Նորագավիթում վարձով բնակվող ամուսինները երեխաներ չունեն, ոչ էլ հարազատներ, որոնցից կարող են օգնություն ակնկալել:

«Թող Աստված ինձ ների, որ չնայած իմ ամուսինը կենդանի է, ես խնդրում եմ ժողովրդից, որ ինձ օգնեն թաղում անել: Մենք ուրիշ ոչ ոք չունենք, որ օգնի մեզ, մեր ընկերները, որքան կարողացան, օգնեցին»,- ասաց տիկին Վերան։