ՀՀ Վարչական դատարանում հունվարի 21-ին Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության հայցով վարչական պատասխանատվության ենթարկելու գործով դատական հերթական նիստին դատավորը, չնայած պատասխանող կողմի երկու միջնորդություններին, լրագրողներին թույլ չտվեց տեսանկարահանել և լուսանկարել դատական նիստը։

«Դատարանին խնդրում եմ մերժել միջնորդությունը, քանի որ արտահայտվելիս նկարահանումը կաշկանդվածություն կառաջացնի հայցվոր կողմի մոտ»,- հայտարարեց հայցվոր կողմը:

Արգիշտի Կիվիրյանն արձագանքեց վրդովմունքով. «Երբ ոստիկանության ներկայացուցիչները գալիս են դատարան, հարց է առաջանում՝ արդյոք ոստիկանության ներկայացուցիչներն են, թե մանկապարտեզի սաներ: Երբ ոստիկանության աշխատակիցը հայտարարում է, որ տեսագրությունից ինքը կաշկանդվելու է, կասկած է առաջանում, թե ինքը ով է»։ Այս հայտարարությունից հետո դատավորը նրա նկատմամբ դատավարական սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» պատճառով։ Կիվիրյանի փաստաբանը դատարանի այս որոշումն «ապօրինի» անվանեց՝ նշելով, որ որեւէ անհարգալից վերաբերմունք իր պաշտպանյալը չի դրսեւորել։

Այն բանից հետո, երբ դատարանը բավարարեց տեսանկարահանումն արգելելու հայցվոր կողմի առարկությունը, Կիվիրյանի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու մասին, որպեսզի ժամանակ ունենան ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն՝ պնդելով, որ լրագրողների եւ իրենց իրավունքները դրանով ոտնահարվում են։

Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ եթե ոստիկանությունը կաշկանդվում է տեսախցիկների ներկայությունից, ինքն էլ կաշկանդվում է դրանց բացակայությունից։ Նա հայտարարեց, որ ինքը, որպես հասարակական գործիչ, պահանջում է, որ եթե դատարանը հաշվի է առնում հայցվոր կողմի իրավունքները, ապա պետք է հաշվի առնի նաև իր իրավունքները:

Դատարանը բավարարեց նիստը հետաձգելու՝ Կիվիրյանի փաստաբանի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 7-ին:

«Դատարանն իր բոլոր գործողություններով փորձում է հովանավորել ոստիկանությանը: Սա բաց դատական նիստ է, գործը հասարակական հնչեղություն ունեցող գործ է: Լրագրողները որևէ ձևով չէին խոչընդոտի, եթե կատարեին տեսանկարահանում և լուսանկարահանում: Դեռ ավելին. այդ ձևով կապահովվեր հասարակության իրավունքը՝ լինել լիարժեք տեղեկացված, ինչպես նաև կապահովվեր իմ իրավունքը, քանի որ այսօր մենք տեսնում ենք, որ միմիայն հասարակության ճնշման պարագայում պետական, այդ թվում՝ դատական մարմինները որոշակիորեն կաշկանդվում են դիմել լիարժեք ապօրինությունների»,-  դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ հավելով, որ, ընդունելով պատասխանող կողմի առարկությունն իրենց միջնորդության վերաբերյալ, դատարանն ապացուցեց, որ ինքն էլ է մանկապարտեզի սան և ոստիկանությանը հովանավորող ապօրինի մարմին:

Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ դատարանը թույլ չտվեց նկարահանել նիստը, որպեսզի կարողանա վարչական ակտը «սուս-փուս բրթել իր դեմ»:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Հայցվոր կողմի պնդմամբ` 2013թ. սեպտեմբերի 4-ին Կիվիրյանը չի կատարել ոստիկաններ Արա Սարգսյանի ու Արթուր Օսիպյանի օրինական պահանջը: Նշենք, որ այդ օրը մի խումբ քաղաքացիներ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքում էին Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու դեմ: