Ոստիկանությունը հաղորդում է, որ Արաբկիրի վարչական տարածքում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մթերային տարբեր խանութներից ու կրպակներից գողություններ են կատարվել:

Բոլոր գողությունները կատարվել են գիշերը: Գողը մտել է այն խանութները, որոնք եվրոդուռ կամ պատուհան են ունեցել:

Գողությունները կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ Արթուր Խաչատրյանին, որը խոստովանել է, որ գողություններն ինքն է կատարել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ Արթուր Խաչատրյանը նախկինում գողության համար դատապարտված է եղել:

Արթուր Խաչատրյանը գողացել է փող, սննդամթերք, ծխախոտ, հեռախոսի լիցքավորման քարտեր:

Նոյեմբերի լույս 11-ի գիշերը Արթուրը Կոմիտասի փողոցում գործող միրգ-բանջարեղենի մի խանութից մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` գողացել է դրամ, չիր և տարբեր մրգեր: Երկու օր անց` դարձյալ գիշերը, Արամ Խաչատրյան փողոցում գտնվող խանութներից մեկից նույն եղանակով գողացել է 30 հազար դրամ և սննդամթերք:

Նոյեմբերի 17-ին Կիևյան 1-ին նրբանցքում գործող կրպակներից մեկի ապակին հանելով` 50 հազար դրամի ծխախոտ է գողացել: Իսկ նոյեմբերի 21-ին` Հովսեփ Էմինի փողոցում գտնվող մթերային խանութներից մեկից գողացել է 22 հազար դրամ և 44 հատ լիցքավորման քարտ:

Արթուրը դեկտեմբերի 21-ին փորձել է Կոմիտասի փողոցում գործող բանջարեղենի կրպակներից մեկից էլ գողություն կատարել, սակայն ահազանգման համակարգը գործել է և նա փախուստի է դիմել:

Արթուր Խաչատրայնը ստորագրությամբ բաց է թողնվել: Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու համար:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: