Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին Հյուսիսային պողոտայում այսօր՝ հունվարի 22-ին, Արմեն հուղարկավորության օրը, տեղի ունեցավ մոմավառություն։
Ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացած մի խումբ քաղաքացիներ մոմեր են վառեցին 19-ամյա Արմենի նկարի մոտ։ Մոմավառությանը միանում էին նաեւ պատահական անցորդները։
«Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր զինվորին, որն իր կյանքը զոհաբերեց իր հայրենիքի, հարազատների եւ բոլորիս համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ նրա ծնողներին եւ համբերություն մաղթում։ Վիշտը ոչ միայն նրա ընտանիքին է, այլեւ բոլորինս»- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության մասնակից Սոսե Չադոյանը։
Արմենի լուսանկարն ու մոմերը Հյուսիսային պողոտայում կմնան մինչեւ գիշեր։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։











