Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի դին հունվարի 22-ին Ավանում գտնվող նրանց տնից դուրս բերեցին պատվո պահակախբի ուղեկցությամբ, զինվորական նվագախմբի հնչյունների ներքո (ֆոտոռեպորտաժ

Հերոս սերժանտի երեք քույրերը, ծնողներն ու տատիկը իրենց որդուն ճանապարհեցին հերոսական զսպվածությամբ։

Հուղարկավորությանը ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատգամավորներ, պաշտոնյաներ, բարձրաստիճան սպաներ ու մեծ թվով անծանոթ քաղաքացիներ, Արմենի հրամանատարները, ծառայակիցներն ու նրանց ծնողները, ովքեր եկել էին երախտագիտությամբ  հրաժեշտ տալու իրենց զավակների կյանքը փրկած 19-ամյա սերժանտին։

Թաղման թափորն ուղեւորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ Արմենին հողին կհանձնեն զինվորական կարգով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am