Էրեբունի զանգվածի Խաղաղ Դոնի 23 շենքի նկուղում մոտ տասը տարի է՝ խողովակների անսարքության պատճառով ջուր է լցվում, իսկ վերջին շրջանում շենքի 7-րդ մուտքում քայքայվել է առաջին հարկի բետոնը եւ առաջացել է երկու մեծ հոր։ Դրանցից մեկն այնքան մեծ է, որ բնակիչները փակել են այն մեծ քարերով, որ անցնողները, հատկապես երեխաները անզգուշաբար չվնասվեն։

Եվ կոյուղու, եւ մուտքի անցքերի համար բնակիչները դիմել են համապատասխան մարմիններին։

«Ջրմուղից եկել են, ասել են՝ էդ կոյուղին ա, դրանով համատիրությունը պիտի զբաղվի: Համատիրությունում էլ գիտեն, ասում են՝ կանենք, կանենք, բայց բան էլ չեն անում: Բնակիչներով ստորագրություն ենք հավաքել, քաղաքապետարան ենք ուղարկել, բայց ոչ մի օգուտ»,- NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց բնակիչներից մեկը:

Շենքի բնակիչներն ասում են՝ իրենք ի վիճակի չեն սեփական ուժերով խողովակները վերանորոգել: Շենքի փլվելու մտավախությունը շատերին ստիպել է բնակարանը ծախել ու տեղափոխվել:

Խաղաղ Դոնի 23 շենքի բնակիչների հետ խոսելուց հետո NEWS.am-ը փորձեց հանդիպել տվյալ շրջանի համատիրության պատասխանատուի հետ: Համատիրությունում ասացին, որ ընդմիջում է եւ չեն կարող պատասխանել մեր հարցերին: Մի քանի ժամ հետո բնակիչները մեզ տեղեկացրին, որ համատիրության աշխատակիցները եկել եւ շտապ բետոնապատել են առաջին հարկում քանդված հատվածները: