Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին հունվարի 22-ին Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից Խաչքարերի պուրակում մոմավառություն է անցկացվել: Գյումրեցիները մոմեր են վառել եւ ծաղիկներ դրել պուրակում դրված Արմեն Հովհաննիսյանի նկարի մոտ:
NEWS.am-ի հետ զրույցում մոմավառության մասնակիցներից Արսեն Վարդանյանն ասաց, որ յուրաքանչյուրի պարտքն է գնահատելու հայ քաջարի զինվորի սխրանքը, քանի որ հակառակորդը, Արմենի վրա կրակելով, կրակել է բոլորիս վրա. «Հերոսի մահից հետո մենք ունենք պարտավորվածություն ամբողջ կյանքի ընթացքում պահպանել այն ամենը ինչ սերունդներն արյունով են ձեռք բերել»:
Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ մոմավառությունը երկու նպատակ ունի. «Հեռու գտնվելով մեր հերոսի ընտանիքից, հնարավորություն չունենալով ներկա լինել հուղարկավորությանը, մենք ցանկացանք այսօր հավաքվել եւ մեր հարգանքի տուրքը մատուցել մեր հերոսին, երկրորդը, սա կոչ է բոլոր պատասխանատուներին, որպեսզի զինեն հայ զինվորին այն միջոցներով, որոնք հնարավորություն կտան որոշակի հեռավորությունից պաշտպանվել»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:
Այնուհետեւ հերոսի հիշատակին Ամենափրկիչ եկեղեցում ժամերգություն է մատուցվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։











