Ուկրաինական Չերկաս քաղաքում  մարզային վարչական շենքի վրա գրոհից եւ գրավումից հետո ոստիկանության շրջանային բաժանմունք են տեղափոխել 58 մարդու:

«Ներկայումս ճշտում են յուրաքանչյուրի ունեցած դերը զանգվածային անկարգություններում», - ասված է ՆԳՆ մարզային վարչության հաղորդագրությունում:

««Ոստիկանությունն անհանգստացած է, որ առանձին անձինք մի շարք իրավախախտումներ են կատարում` կապված զանգվածային խռովությունների, ջարդերի, գույքի ոչնչացման եւ շենքի զավթման հետ: Հունվարի 23-ին 300 մարդ, արհամարհելով հանգստություն պահպանելու եւ զանգվածային խռովություններ թույլ չտալու վերաբերյալ իրավապահների պահանջը, ուղեւորվել էին մարզպետարան, կոտրել  դռները եւ մտել ներս, փչացրել եւ այրել գույքը: Երիտասարդները այրվող նյութեր, քարեր եւ երկաթե ձողեր են գործածել», - նշել են ՆԳՆ-ում:

Բացի դրանից, վարչությունում քաղաքացիներին կոչ են արել «սադրանքների չենթարկվել», հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարները գրավել էին Չերկասի մարզպետարանի շենքը: Ժ. 23.00-ին ոստիկանության աշխատակիցները շենքն ազատել էին ցուցարարներից: Հաղորդվել էր 2 ձերբակալված ակտիվիստների մասին: Բացի դրանից, հայտնի էր դարձել, որ շենքի գրոհի ժամանակ տուժել էր մեկ ուսանողուհի, որին արդեն վիրահատել են: Նրա վիճակը ծանր է: