Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 49 շենքի նկուղում նախօրեին՝ հունվարի 24-ին, ծխից թունավորված և «Արմենիա» ԲԿ տեղափոխված 54-ամյա Հենրիկ Ասքանազյանը այսօր առավոտյան հիվանդանոցից դուրս է գրվել իր պահանջով: Այս մասին NEWS.am-ին ասաց «Արմենիա» ԲԿ-ի Թունավորումների բաժանմունքի բժշկուհի Ռոզա Գավաձյանը։

«Նրան այստեղ բերելիս գիտակցությունը տեղն էր: Նկուղում շմոլ գազ չի հայտնաբերվել, միայն ծխահարված էր: Շատ մրոտ էր, զգեստից էլ սուր արտահայտված ծխի հոտ էր գալիս: Երևի իր հավաքած թղթերը, կարդոններն է վառել որ տաքանա, դրանից էլ աղբը ծխահարվել, այրվել է»,- ասաց բժշկուհին:

49 շենքում, որի նկուղում արդեն 4-5 տարի գիշերում է Հենրիկ Ասքանազյանը, բնակիչները նրան հազվադեպ են տեսնում, քանի որ երեկոյան ուշ գալիս է և վաղ առավոտյան գնում։ Նախորդ գիշեր հարեւանները զգացել են, որ շենքով մեկ ծուխ է տարածվել եւ զանգել են հրշեջ ծառայություն։

«Մենք ենք ասել, որ կարող է՝ մեջը մարդ կա, նայեք, թե չէ տենց էլ մահանալու էր: Ինքն իր համար հանգիստ քնած էր, երբ հրշեջները մտան: Դուրս էին հանել, նստել ծխում էր, մինչև շտապ օգնություն կանչեցինք, եկան տարան հիվանդանոց»,- NEWS.am-ին պատմեց շենքի բնակիչներից մեկը:

Բնակիչները հարմարվել են նկուղի իրենց հարևանին, չնայած նրա մասին ոմանք միայն լսել են։ «Անօթևան մարդ է, մենք էլ հո չենք արգելելու, որ ապրի նկուղում, այն էլ ձմռան ցրտին»,-ասացին նրանք՝ նշելով, որ չնայած կատարվածին, չեն պատրաստվում բողոքել կամ նկուղից հեռացնել Հենրիկին։

Հիշեցնենք, որ փրկարար ծառայությունը հունվարի 24-ին, ժամը 21.41-ին ահազանգ էր ստացել, որ Երեւանի Դավիթաշեն 1-ի թաղամասի թիվ 49 շենքի նկուղում ծուխ է նկատվում: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 22.09-ին, մարվել՝ 22.22-ին: Այրվել էր տնտեսական աղբ (5 քմ): Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել ծխահարված Հ. Ա.-ին, որը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ: