Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին բանակի օրվան ընդառաջ այցելության էին եկել Արմենի մարտական ընկերներն ու գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մնացական Ավագյանը:

«Հիշում եմ` Արմենին թեթև հիվանդության պատճառով հանել էին մարտական դիրքից, բերել վաշտ: Երկու օր մնաց կողքիս, ամբողջ օրն ինձ ասում էր` պարոն մայոր, սա իմ տեղը չէ, նորից ուղարկեք ինձ դիրքեր: Այսինքն իրեն հետաքրքրում էր միայն մարտական դիրքը»,- պատմեց N զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ մայոր Մնացական Ավագյանը:

Արմենի մասին խոսելիս ընկերներն արցունքը հազիվ են զսպում: «Թուրքը դարանակալեց, հետևից խփեց, բացահայտ չէր կարող: Եթե բացահայտ աներ, ոչ մի զոհ չէինք տա, մեր ախպերը չէր մահանա»,- ասաց Արմենի հետ մարտական գործողության մասնակցած Էդգար Համբարյանը:

Արմենի մայրը համոզված է, որ իր որդին երկնքից պաշտպանելու է իր ընկերներին: «Թող իմ տղան իր մարտական ընկերների համար պահապան հրեշտակ լինի, տղաներն իրենց ուժն չկորցնեն: Երբ հանկարծ նրանցից մեկն ու մեկը աչքը կպցնի, տղաս ձեռքը դնի ուսին ու արթնացնի»,- ասաց տիկին Մարինեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։