Ինչ հանդուրժվել է 2012-2013թթ, այս տարի չենք հանդուրժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 28-ին «Եռաբլուրում» ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով հունվարի 21-ին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների սարքած հերթական «դեբոշին»:

«Մենք ոչ մեկին չենք պատժում, պատժում է օրենքը։ Այն, ինչ հանդուրժվել է 2012-2013 թվականներին, հիմա չի հանդուրժվելու»,- ասաց ոստիկանապետը։

Հունվարի 28-ի կապակցությամբ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորեց զինծառայողներին՝ խաղաղություն մաղթելով հայոց բանակին։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան:  Հունվարի 22-ի երեկոյան Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում: Հաջորդ օրը նրան կանչել են ոստիկանություն՝ բացատրություն տալու։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am