Վոլոդյա Ավետիսյանի պայքարը ոչ թե սոցիալական է, այլ նա հայ մարդու լավագույն տեսակի` ազատամարտիկի արժանապատվության խնդիր է լուծում: Այս մասին հունվարի 27-ին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ուղուն և սոցիալական պայքարին նվիրված «ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿԸ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսից հետո, իր ելույթում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Խոնարհ ճակատով հերոս չի լինում, խոնարհված հոգեբանությամբ հերոս չի լինում, խոնարհված ու ճզմված հոգեբանությամբ հերոսով սերունդ չես դաստիարակի: Նախևառաջ մենք պետք է փրկենք այն տղաների արժանապատվությունը, որոնք փրկել են Հայաստանի արժանապատվությունը»,-ասաց Գագիկ Գինոսյանը:
Նրա խոսքով` բոլորի արժանապատվությունից է ձուլվում եւ ձևավորվում Հայասատանի արժանապատվությունը:
«Ես ուզում եմ հիշել հայոց ռազմի մարգարեի` Գարեգին Նժդեհի, խոսքերը. «Ես տեսա հոգով ստրուկին ազատության մեջ և զազրեցի մարդուց, ես տեսա հոգով ազատին ստրկության մեջ և պաշտեցի մարդուն». վերջինը Վոլոդյայի մասին էր»,-ասաց Գագիկ Գինոսյանը` նշելով, որ ինքը մարտի դաշտում շատ բան է սովորել Վոլոդյա Ավետիսյանից:
Գինոսյանի կարծիքով` ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար Վոլոդյա Ավետիսյանի պայքարը մարտի դաշտում գործած խիզախությանը ոչնչով չի զիջում:
«Նա արժանիորեն շարունակել է Լեոնիդ Ազգալդյանի գործը, և վստահ եմ, որ եթե Լեոնիդը կենդանի հետ գար, նա չէր լինի, որովհետև նրան թույլ չէին տա, նրան չէին ների. չէին ների նրա ոչ թե ֆիզիկական, մտավոր, ռազմական հանճարը, այլ նախևառաջ նրա բարոյական հանճարը, որը ներելի չէր մեր հասարակության համար, իշխանությունների համար»:
Ֆիլմի ցուցադրությանը հրավիրված էին նաև ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան սպաներ, որոնցից ոչ մեկը, սակայն, ներկա չէր:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, Ժառանգություն կուսակցության անդամ Արման Մուշեղյանը, Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը, մարտական ընկերները և ազատամարտիկներ:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ի դատարանի որոշմամբ` պահեստազորի գնդապետի խափանման միջոց կալանքը երկարացվել է արդեն երկրորդ անգամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:











