Բանակի օրվա առթիվ այսօր՝ հունվարի 28-ին, Ազատության հրապարակից մի քանի տասնյակ քաղաքացիներ երթով շարժվել են դեպի «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերսներին։
«Մեր նպատակն է մարդկանց նորից հիշեցնել մեր հերոսների մասին, եւ դրանով բարձրացնել բանակի դերը հասարակության կյանքում: Այսօր մեր տղաները գնում են բանակ ու առանց ծառայելու վերադառնում՝ ասելով, որ այնտեղ բոլորին ծառայեցրել են : Բայց պետք է այսպես չլինի. մեր տղաները պետք է երկու տարի իսկապես ծառայեն»,- մինչեւ երթի սկսվելը հայտարարեց երթի կազմակերպիչներից Հայկ Ավետիսյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին միացել են նաեւ կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարողները, նաեւ Նախախորհրդարանի անդամներ: Երիտասարդներն իրենց հետ բերել են եռագույններ: Ամենամեծ դրոշին ամրացրել են ազգային հերոսների նկարները՝ նրանց թեւավոր խոսքերով: Հերոսների մեջ է նաեւ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի նկարը։ Երթին է միացել նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
«Այսօր Հայաստանում առավել քան երբեւէ կարիք կա բարձրաձայնելու, հիշեցնելու, թե ինչ են արել մեր հայրերը իրենց հայրենիքի համար։ Եւ մենք, որպես իրենց հետնորդներ, հարգելով, հիշելով իրենց արածը օրինակ վերցնենք, բարձրաձայնենք «Հանուն հայրենիքի» կարգախոսը։ Քանզի ՀՀ ներկայիս քաղաքացիների մեծ մասի մոտ հայրենիքի պաշտպանության գաղափարը ետին պլանում է։ Հայրենիքի պաշտպանությունը մեր համար պետք է լինի սուրբ գործ՝ առավել եւս այս լարված ռազմական իրավիճակում, որն այնքան անհրաժեշտ է մանավանդ մեզ՝ երիտասարդներիս»,- ասվում է երթի մասին իրազեկող հայտարարությունում։











