Պետության համար ազատամարտիկն այսօր հավաքարարի նման մի բան է: Այս մասին հունվարի 27-ին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ուղուն և սոցիալական պայքարին նվիրված «ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿԸ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսից հետո, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սամսոն Աթոյանը:

«Ում էլ որեւէ հարցով մոտենում ես, կամ ասում են՝ շատ իզուր ես գնացել, կամ ասում են՝ ես էլ եմ գնացել: Ասում ես, եթե դու էլ ես գնացել, ապա ինչպե՞ս ես զրուցում ազատամարտիկի հետ»,- ասաց ազատամարտիկ Սամսոն Աթոյանը:

Ազատամարտիկ Արտաշես Ահարոնյանն էլ ասաց, որ 20-25 հազար մարդ է կռվել արցախյան ազատամարտում, բայց այսօր 100 հազար մարդ կա գրանցված, իսկ կռվածների մեծ մասը գրանցված չեն որպես մարտական ուղի անցած:

«Էլ ի՞նչ պետության լավ վերաբերմունքի մասին կարելի է խոսք լինել, եթե Վոլոդյա Ավետիսյանը հիմա նստած է բանտում: Հայաստանի կառավարությունը ընտրում է իր լավագույն զավակներին ու անում է ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ Հայաստանից թողնեն գնան, թքեն իրենց պաշտպանած երկրի վրա ու գնան»,-ասաց ազատամարտիկը:

Արտաշես Ահարոնյանը ՀՀ ԶՈՒ 22-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթեց, որ հայ բանակը լինի ամենաուժեղը, ամենակորովին, ամենանվիրվածը, ամենահայրենասերը:

Ազատամարտիկ Աղավնի Սահակյանի կարծիքով՝ ազատամարտիկը որակ է, և նա միայն մարտի դաշտում չէ, որ պետք է ազատամարտիկ լինի. «Պետության գնահատելը արդեն իրենց խնդիրն է, թող իրենք մտածեն, որովհետեւ դրա պատասխանը իրենք տալու են»:

Տիկին Սահակյանը, անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն չտալու խնդրին, ասաց, որ նրան քաղաքացիություն չեն տալիս իր ազատ խոսելու համար. «Այդպիսի հայորդիներ պետք չեն այս պետությանը: Նրա համար պետք չեն, որովհետև պետությունը ղեկավարում են մարդիկ, որոնք իրենք այդպիսին չեն: Բայց դա մեր ամբողջ ազգի, մեր ժողովրդի անպատվությունն է, ամոթը, որ նման հայորդիները քաղաքացիություն չունեն»:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծիք հայտնեց, որ մինչեւ հիմա մենք պետություն չենք ստեղծել. «Ի վերջո մենք ստեղծելու ենք պետություն, և հայ ժողովրդի հանդեպ աններելի հանցագործություն կատարողները պատասխան են տալու»:

Սեֆիլյանը զինվորներին, կրտսեր և միջին դասի սպաներին մաղթեց համբերություն և կոչ արեց ամուր կառչած մնալ մայր հողին:

Գնդապետ Իվան Մարգարյանի կարծիքով՝ ըստ արժանվույն ոչ միայն ազատամարտիկները չեն գնահատվում, այլեւ ամբողջ հայ ազգը:

Գնդապետը հայկական բանակի զինվորներին մաղթեց, որ ունենան գրագետ, հմուտ և ազնիվ հրամանատարներ բոլոր աստիճաններում, միշտ բարձր մարտական պատրաստվածություն ունենան, բայց երբեք չկիրառեն այդ պատրաստվածությունը:

Պոլսահայ ազատամարտիկ, Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր Սարգիս Հացպանյանը ասաց, որ 12 հազար քառ. մետր հողատարածք գրավելու հարցում անգնահատելի է Վոլոդյայի դերը:

«Քանի որ նրանք մեծ դեր ունեն պետության և բանակի կայացման հարցում եւ բարոյական կոդեքսներով են առաջնորդվում, այդ մարդիկ չեն կարող իշխանահաճո լինել, այդ մարդկանց պետությունը միշտ մեկուսացնում է: Վալոդի միակ մեղքն այն է, որ իշխանություններին դեմ է դուրս եկել»,-ասաց Սարգիս Հացպանյանը:

Նրա կարծիքով՝ բոլորս «Հայաստան քրեակատարողական հիմնարկում նստած մարդիկ ենք». «Այս իշխանությունների ժամանակ մի ամբողջ ժողովուրդ է բանտարկված»:

Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը նկատեց, որ բոլորս գլուխ պետք է խոնարհենք հայ զինվորի առաջ, քանի որ հերոս զինվորներ ունենք, որի վառ օրինակն է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանը:

«Մենք՝ հայերս, ունենք ազատամարտիկ, մենք ասկյար ու բաեւիկ չենք ունեցել: Իսկ ազատամարտիկը Ատվածամարտիկ է, մենք ուրիշի տարածքներ չենք գրավել, մենք միշտ նեղյալի կողքն ենք եղել, կնոջ, երեխայի ձեռք չենք տվել, դա մեր սուրբ պատգամն է եղել մեր ներսում»,-ասաց Խաչատուր Խաչատրյանը:

Անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում զոհվածներին՝ ազատամարտիկն ասաց, որ այդ ամենը մնում է իշխանությունների և բանակի բարձրագույն սպայական կազմի՝ գեներալիտետի խղճին. «Յուրաքանչյուրը մի 10 հատ ջիպ ունի, մի 100 հատ էլ ախրանիկ, մի ջիպը եթե ծախեն, մի ամբողջ պաշտպանական տարածաշրջան կարող են վերահսկման արդիական տեխնիկայով զինել»: