Բանակի օրվա առթիվ հունվարի 28-ին Ազատության հրապարակից երթով «Եռաբլուր» պանթեոն շարժված մի քանի տասնյակ քաղաքացիներ ծաղիկներ դրեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը:

Երթի մասնակիցները «Եռաբլուրի» ճանապարհին երգեցին հայրենասիրական երգեր, վանկարկեցին ազգային հերոսների անունները, «Մահ թուրքերին, Հայոց ազգային բանակ»։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր բանակի օրվա առթիվ հունվարի 28-ին, Ազատության հրապարակից մի քանի տասնյակ քաղաքացիներ երթով շարժվել են դեպի «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերսներին։

«Մեր նպատակն է մարդկանց նորից հիշեցնել մեր հերոսների մասին,  եւ դրանով բարձրացնել բանակի դերը հասարակության կյանքում: Այսօր մեր տղաները գնում են բանակ ու առանց ծառայելու վերադառնում՝ ասելով, որ այնտեղ բոլորին ծառայեցրել են: Բայց պետք է այսպես չլինի. մեր տղաները պետք է երկու տարի իսկապես ծառայեն»,- մինչեւ երթի սկսվելը հայտարարել էր երթի կազմակերպիչներից Հայկ Ավետիսյանը: