Ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին հունվարի 29-ին ծաղիկներ դրեցին այն դպրոցի սաներն ու ուսուցիչները, որտեղ սովորել էր Արմենը: Երևանի Գրիգոր Բաղյանի անվան 141 հիմնական դպրոցի աշակերտները, ոմանք, չզսպելով հուզմունքը, զինվորին փառաբանող բանաստեղծություններ կարդացին Արմենի հիշատակին: (ֆոտոռեպորտաժ)

Դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը հիշեց այն օրը, երբ Արմենի հետ եկել էին «Եռաբլուր» պանթեոն. «Նայում էի Արմենին ու երբեք չէի մտածի, որ մի օր էլ իր համար ենք հավաքվելու այստեղ: Արմենը Հայկ նահապետի ոգին էր կրում իր մեջ: Դեռ Հայկից ենք մենք սովորել, որ եթե ուզում ենք ապրել, պետք է պայքարենք: Արմենը շատ լավ էր հասկացել, որ մահ իմացյալ անմահություն է, ու գնաց համալրելու անմահների շարքերը: Արմենը շատ լավ էր հասկացել, որ երբեմն անկախության համար պետք է տալ ամենաթանկը՝ կյանքը»,- ասաց տնօրենը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: