Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում 2013թ. մայիսի 15-ին ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 29-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պահանջեց, որ իր որդու վրա կրակելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին հրապարակավ մահապատժի ենթարկեն կամ նվազագույնը ցմահ ազատազրկեն:
«Սա թող չթվա որպես կարգախոս կամ օդում փուչիկ, կամ սպառնալիք: Պետք է յուրաքանչյուր զինվորական հասկանա` ինչ է զինվորի կորուստը ծնողի համար: Տարին ինձ չի բավարարում, ինչքան էլ տաք, աչքը չթարթած դուրս ա գալիս բանտից եւ մի հատ էլ գողական դարձած, մատը թափ տալով»,- NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ հայտարարել է տիկին Լուիզան:
Մոտ չորս ժամ տեւած դատական նիստի ընթացքում հարցաքնվել են Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը եւ վկաներ՝ Լյուքս ստեփանյանի ծառակաիցներ Հրաչյա Մարգարյանն ու Արշակ Պետրոսյանը:
Դատարան էր եկել մոտ 100 քաղաքացի, դահլիճում ազատ նստատեղ չկար: Դատական նիստը տեղափոխվեց փետրվարի 6-ին՝ աշխատանքային օրը ավարտվելու պատճառով:
Դատը ընդմիջվեց միայն 10 րոպեով, որի ընթացքում մեղադրվող կողմի պաշտպան Սարգսյան Երեմը դուրս եկավ միջանցք, Լյուքս Ստեփանյանի եղաբյրը եւ մի քանի այլ հարազատներ վիրավորական արտահայտություններ արեցին նրա հասցեին։ Դատական կարգադրիչների միջամտությամբ հաջողվեց կանխել բախումը։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանավորված է:











