Հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը՝ Արամ Մանուկյանը, հիմնաքարի դեր ունեցավ: Այս մասին, հունվարի 29-ին, Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցի օրը, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:
«Նա առաջին հերթին մեր ակունքն է, ոստիկանության ակունքը, մենք նրա ժառանգորդներն ենք: Գրագետ, բարոյական, ուժեղ անձնավորություն, որ մինչեւ վերջին շունչը աշխատեց եւ կյանքը նվիրաբերեց հայրենիքին»,-ասել է նա:
Նշենք, որ նաեւ Արամ Մանուկյանի մասնակցությամբ կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, եւ Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, նաեւ նրա հաստատակամությամբ եղավ Սարդարապատի հաղթանակը, Հայաստանի Հանրապետությունը, պետականություն, որ կա այսօր ու լինելու է: Արամը պարզապես ներքին գործերի նախարար չէր, եւ իր ղեկավարած կառույցն էլ պարզապես նախարարություն չէր. Արամը երկրի ողջ ներքին կյանքն էր նորոգում՝ սկսած հանցավորության դեմ պայքարից եւ կարգուկանոնի հաստատումից մինչեւ իրենց օրենք ու իշխանություն երեւակայողների զինաթափում, մինչեւ շինականի հոգս ու ցավի ամոքում, որբերի հոգեւոր ու մարմնական ապաքինում, նպաստամատույց ծառայությունների վերահսկում, մինչեւ իսկ կրթություն:












