Ոստիկանության նախկին մայոր, թոշակառու Անդրանիկ Դեմիրճյանը այսօր՝ հունվարի 30-ին, կրկին կառավարության մոտ էր գնացել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանդիպելու պահանջով:
«Թող մի հատ էլ ինձ կանչի իր մոտ էդ մեր հարգարժան, լավ ոստիկանապետը, եթե նա լավ մարդ ա, եթե նա էս ժողովրդի համար գնում ա, մոմ ա վառում, թող մի հատ ինձ կանչի իր մոտ»,-ասաց Անդրանիկ Դեմիրճյանը՝ նշելով, որ 3 տարի է՝ ուզում է հանդիպի ոստիկանապետին, սակայն չի կարողանում, քանի որ ամեն անգամ իրեն ընդունում է իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը:
«Հողերս գա էդպիսի վարչության պետի գլխին էլ, էդպիսի ոստիկանապետի գլխին էլ»,-ասաց ոստիկանության նախկին մայորը՝ նշելով, որ ուզում է ոստիկանապետին ասել, որ իր աշխատողները ազնիվ մարդիկ չեն, սրիկաներ և հանցագործներ են:
Անդրանիկ Դեմիրճյանը պատմեց, որ 2011թ. Ճամբարակ քաղաքում ոստիկանները ապօրինություններ են կատարել ազատամարտիկ Անդրանիկ Եղիազարյանի տանը. «Գնացել են, խեղճ ազատամարտիկի տուն են մտել, նրա տունը խուզարկել, էդ կնոջ գլխին ինչեր են սարքել ու քրեական կարգով հաղորդված գործն էլ մերժել են»:
Ոստիկանության նախկին մայորը պատմեց, որ ոստիկանները խուզարկությունը կատարել են այն պատճառաբանությամբ, որ իբր ազատամարտիկի մայրը իր բնակարանից ինքնաթոր օղի է վաճառել բաժակներով:
Անդրանիկ Դեմիրճյանը այս անգամ էլ չհանդիպեց ոստիկանապետին և ձեռնունայն վերադարձավ տուն:











