Ոստիկանությունը հաղորդում է, որ բերման է ենթարկել 2013թ. դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղի բնակչուհի Սիլվա Բաբալյանի տան վրա ավազակային հարձակում կատարելու համար կասկածվող երկու անձի։

«Գիշերը քնած էի, դրսից թխկթխկոցի ձեն լսեցի, դուրս եկա, տեսա կարտոշկի հորից մասկով մի հատ մարդ ա դուրս գալիս: Փախա, որ մտնեի տուն, հետևիցս եկավ, դուռը հրեց, մտավ ներս, զենքը պահեց վրես, ասեց՝ անցի սենյակ: Անցա սենյակ, ասեց պառկի տեղերդ, հանկարծ տեղիցդ իրար չգաս, վերմակը քաշի վրեդ: Ես վախից պառկա տեղերս, վերմակը քաշեցի վրես, հետո ասեց՝ փողերիդ տեղն ասա, թե չէ կսպանեմ: Ասեցի՝ ես փող չունեմ, պայուսակներս աթոռին դրած էին, վերցրեց, քանդեց, հետո տեսավ, որ փող չկա, հեռախոսի մեջից քարտերը հանեց, որ ոչ մի տեղ չզանգեմ: Հետո ինքը թողեց գնաց, ես գնացի հարևանի տուն ու զանգեցի 1 02»,- ոստիկաններին պատմել է Սիլվա Բաբալյանը:

Ոստիկանությունը հայտնում է, որ ահազանգից հետո դեպքի վայր մեկնող ոստիկանները հանդիպակաց երթևեկությամբ գիշերվա ժամը 4-ին կասկածելի մեքենա են նկատել ու սկսել են հետևել մեքենային, որ պարզեն վարորդի ինքնությունը:

Մինչեւ ոստիկանանական մեքենային հանդիպելը կասկածելի մեքենան թեքվել է Լուսակունք գյուղի կողմը: Երբ ոստիկանները սկսել են հետապնդել մեքենային, վարորդը հանգցրել է  մեքենայի  լույսերը, որն էլ ավելի է սրել ոստիկանների կասկածները:

Մեքենան տեսադաշտից կորցնելուց հետո ոստիկանները խմբերի են բաժանվել` մի մասը ոտքով, իսկ մյուսը` մեքենայով, սկսել են փնտրել կասկածելի մեքենան: Ոստիկանները ստուգել են ճանապարհին հանդիպած բոլոր մեքենաներըու գտել մեքենան՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանով բերման ենթարկելով Կոտայքի մարզի բնակիչներ`  եղբորորդիներ Արմեն և Երեմ Գրիգորյաններին:

Հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք օդամղիչ ատրճանակը: Երեմ Գրիգորյանի մեքենայից ոստիկանները հայտնաբերել են նաև դիմակ սարքած գլխարկ, ձեռնոցներ և լինգ:

Հարուցված գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գրիգորյանները դեպքի գիշերը` մինչև ավազակային հարձակումը, մտել են նաև հարևանությամբ գտնվող մի տուն և գողացել 90կգ գարի, իսկ դեպքի նախորդ գիշերը կոտրել  ու տարել էին նույն գյուղի բնակչի առանձնատան բակում գտնվող արբանյակային ալեհավաքի ընդունիչ գլխիկը` հենասարքով:

Արմեն Գրիգորյանը կալանավորված է, իսկ Երեմ Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: