Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդուն՝ Ավետիս Ավետիսյանին, հունվարի 31-ին՝ աշնանային զորակոչի վերջին օրը, զորակոչել են բանակ, չնայած բժիշկները, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում հետազոտել են Ավետիսին, ասել են, որ անհրաժեշտ է մեկ տարով հետաձգել նրա զորակոչը՝ բուժման կուրս անցնելու համար։ Այս մասին «Խաչակիր» ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը հունվարի 31-ին հայտարարեց ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ այս պահին լսվում է Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած հայցը (ֆոտոռեպորտաժ)։
Հիշեցնենք, որ Ավետիս Ավետիսյանը սրտի աշխատանքի եւ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ ունի (թունավոր զոբ)։ Ընտանիքը պնդում է, որ այս պահին նա ի վիճակի չէ լիարժեք ծառայություն անցնել բանակում։ Ավետիսի հոր՝ Վոլոդյա Ավետիսյանի մարտընկերները հայտարարել են, որ սա քաղաքական հաշվերհարդար է Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ՝ նրա հասարակական գործունեության համար։
«Սա բացահայտ հետապնդում է Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքի հանդեպ, ինչի մասին վկայում է նաեւ փաստը, որ հենց այսօր են նրան զորակոչել»,- Վերաքննիչ դատարանի բակում հայտարարեց Գագիկ Սարուխանյանը։
Դատարանն այժմ գնացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։
Դատարանում նա պնդել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, քանի որ դատարանը հաստատված է համարել այնպիսի հանգամանքներ, որոնց պարագայում, պետք է մերժել Վոլոդյա Ավետիսյանի կալանքը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը, սակայն չի մերժել։ Մասնավորապես, նրա խոսքով, առաջին ատյանդի դատարանը հաստատել է, որ գործով առանձնապես քննչական գործողություններ չեն իրականացվում։ Գործով քննիչ Գեւորգ Խաչիկյանը առարկել է, թե պաշտպանի միջնորդությունն անհիմն է, քանի որ բազմաթիվ քննչական գործողություններ են իրականացվել։ Արա Զաքարյանը նաեւ դատարանին է ներկայացրել այն հանգամանքները, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի եւ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներին։ Մինչ դատարանը խորհրդակցական սենյակում է, դատարանի բակում հավաքված մի քանի տասնյակ ազատամարտիկները, որոնց միացել են այլ քաղաքացիական ակտիվիստներ, Նախախորհրդարանի անդամները, Վոլոդյա Ավետիսյանին սատարող ելույթներ են ունենում։
Հիշեցնենք, որ դատարանի հունվարի 13-ի որոշմամբ` պահեստազորի գնդապետի խափանման միջոց կալանքը երկարացվել է արդեն երկրորդ անգամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











