ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր՝ հունվարի 31-ին, մերժեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ իր պաշտպանյալի կալանքը երկու ամսով երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս լուրը վրդովմունք է առաջացրել Վերաքննիչ դատարանի բակում հավաքված ազատամարտիկների շրջանում։  Նրանք մեղադրել են դատավոր Լիլիթ Թադեւոսյանին, պահանջել, որ նա դուրս գա ու պատասխանի իրենց հարցերին. «Աղջի Լիլիթ, դուրս արի»։

Նրանք առայժմ չեն հեռանում դատարանի մոտից։ Ազատամարտիկին աջակցող մի քանի կազմակերպությունները դիմում են գրել, ու դատավորի օգնականի միջոցով փոխանցել դատավորին՝ խնդրելով ընդունել իրենցից մեկական ներկայացուցչի, եւ այժմ սպասում են պատասխանի։

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը դատարանի որոշումը գնահատել է որպես կամայական, ապօրինի որոշում, որն այլեւս կասկած չի թողնում, որ սա քաղաքական հետապնդում է իր պաշտպանյալի նկատմամբ, եւ ապացուցում, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է։ Նա պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ի դատարանի որոշմամբ` պահեստազորի փոխգնդապետի խափանման միջոց կալանքը երկարացվել է արդեն երկրորդ անգամ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am