Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկող հայցը ՀՀ վերաքննիչ դատարանում քննող դատավոր Լիլիթ Թադևոսյանը փախավ ազատամարտիկներից։ Այս մասին այսօր` հունվարի 31-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի բակում հայտարարեց «Խաչակիր» ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը, երբ դրսում հավաքված ազատամարտիկները տեղեկացան, որ գործով դատավոր Լիլիթ Թադեւոսյանը անտեսել է իրենց հետ հանդիպելու ազատամարտիկների խնդրանքը եւ հեռացել դատարանի շենքից։
«Դատավորը չգնաց, նա ուղղակի փախավ, որովհետև ասելու բան չունի, մարդկանց աչքերի մեջ չի կարող նայել, իրենք կարող են ընդամենը դռնփակ նիստում մեկ փաստաբանի աչքերին ուղղակի լկտիաբար նայելով, գլուխը կախ մի որոշում կայացնել ու փախնել. մինչև ու՞ր եք փախնելու»,-ասաց Գագիկ Սարուխանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ՀՀ վերաքննիչ դատարանի բակում Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած ազատամարտիկները առաջին ատյանի դատարանի վճիռը անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի որոշումից հետո չէին հեռացել և պահանջել էին հանդիպում վճիռը կայացրած դատավոր Լիլիթ Թադևոսյանի հետ: Դատավորի օգնականը ազատամարտիկներին ասել էր, որ կփոխանցի նրանց խնդրանքը, սակայն 30 րոպե հավաքվածներին սպասեցնելուց հետո հայտարարեց, որ դատավորը հեռացել է։
«Ես բառ էլ չեմ գտնում, որ ինչ որ որակ տամ, այդ բառերը ափսոս են, ինչքան վատ բան կա, ամեն ինչի դրսևորումն է սա: Մեղավորա դատեք, մեղավոր չի բաց թողեք, ինչնա պատճառը էդքան ձգում եք ամիսներով»,- ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը՝ նաեւ «լկտիություն» անվանելով փաստը, որ այսօր՝ հունվարի 31-ին չնայած առողջական լուրջ խնդիրներին, Վոլոդյա Ավետիսյանի որդուն բանակ են զորակոչել. «Հիվանդ զորակոչիկին բանակ տանելը բնորոշում է բանակի որակը»:
Հիշեցնենք, որ դատարանի՝ հունվարի 13-ի որոշմամբ` պահեստազորի գնդապետի խափանման միջոց կալանքը երկարացվել է արդեն երկրորդ անգամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:











