Վիկտոր Յանուկովիչի հիվանդության մասին երեկվա լուրը Օլիմպիադայի ժամանակ թաքնվելու փորձ է, ինչից հետո Ուկրաինայի նախագահը իր հակառակորդներին ճնշելու ուժային բիրտ գործողություններ կձեռնարկի, հայտարարել է ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Այսօր Կիեւում մեր հաճախորդը հարգելի Վիկտոր Յանուկովիչն է: Նա ձեզ ցույց կտա, երբ Օլիմպիադան վերջանա: Դուք դեռ կիմանաք՝ ինչ ասել է Յանուկովիչ: Այժմ նա ապահովության համար հիվանդացել է: Իսկ հետո կլսվի ձայնը. «Փամփուշտ չխնայե՛լ»: Եվ մենք կտանք փամփուշտներ: Փողի փոխարեն փամփուշտ կտանք», – «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում ասել է խորհրդարանականը:
«Ռուսական ցարերը հրացաններ եւ փամփուշտներ էին ուղարկում, երբ իրենց շատ էին խնդրում… Խնդրեք՝ փամփուշտներ կտանք, զինվորներ՝ ոչ», – նշել է Ժիրինովսկին:
Ավելի վաղ Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ ռուսական օդանավերը ցույցերը ցրելու համար անհրաժեշտ հատուկ միջոցներ են հասցնում Կիեւ: Հաղորդվել էր նաեւ, որ բողոքի ցույցերը ցրելու եւ ուժային այլ գործողություններին մասնակցում են ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:











