Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 31-ին, նախաքննական մարմնի գործողությունների դեմ «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի հայցով դատական նիստին Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
Կարո Եղնուկյանը բողոքում է, որ քննիչը հրաժարվել է իր անձի եւ ընտանիքի պաշտպանությունը կազմակերպել եւ նախաքննության 4 ամիսների ընթացքում ոչ ոքի դեմ մեղադրանք չի առաջադրել։
Տիգրան Հայրապետյանը կարծում է, որ դատավորը, որը վարույթն իրականացնող մարմնից չի պահանջել քրեական գործի վերաբերյալ նյութերը, չի կարող անկողմնակալ լինել. «Գտնում ենք, որ դատավորն անաչառ չէ և չի կարող արդար կերպով գործի պատշաճ քննություն իրականացնել: Նա պետք է դատախազին և քննիչին պարտավորեցներ, որ գործի քննության հետ կապված նյութերը ներկայացնեին իրեն, այլապես նա այժմ ունի նյութերի միայն 3%-ը, որը մենք ենք ներկայացրել, և որով գործը չի կարող քննվել ամբողջությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո Տիգրան Հայրապետյանը պատասխանող կողմից գործի վերաբերյալ առկա նյութերի ցանկը ստանալու միջնորդություն ներկայացրեց։ Դատավորը միջնորդությունն ընդունեց, սակայն քննիչն այդ պահին չկարողացավ ներկայացնել նյութերը, Տիգրան Հայրապետյանը խնդրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք կարողանան ծանոթանալ գործում առկա նյութերին և հիմնավորել իրենց բողոքը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 13-ը:











