Վոլոդյան, որ կաշառակեր լիներ, հիմա գեներալ էր դարձել, ոչ թե կմնար գնդապետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի եղբայրը՝ Հարություն Ավետիսյանը:

«Իրենք ընտրությունից ընտրություն կաշառք են բաժանում, էդ իրանց կաշառքները չի երեւում, ինչ-որ մի գնդապետի բռնել են, օդից բան են սարքում: Թող իրանք հետագայի մասին մտածեն, թե վերջը ոնց են մարսելու էս ամեն ինչը, ոնց են մարդկանց երեսին նայելու,հո մենակ լակելով ու ստամոքսները լցնելով չի»,-վրդովված ասաց Հարություն Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով` այսօրվա գեներալները «ավազակ» ու «թալանչի» են. «Քանի հատ գեներալ ունենք, մեկի անունը տվեք, գնացեք դպրոցում հարցրեք էս գեներալներին ճանաչու՞մ եք, ով էլ ճանաչում ա, վախից ա ճանաչում: Մի հատ Կոմանդոս են ճանաչում, էն էլ երեւի մականունը Կոմանդոս ա, դրա համար են հիշում»:

Անդրադառնալով Վոլոդյա Ավետիսյանի որդուն ՝ սրտի աշխատանքի և վահանաձև գեղձի (թունավոր զոբ) խնդիր ունեցող Ավետիս Ավետիսյանին բանակ զորակոչելուն՝ Ավետիսյանն ասաց. «Հիվանդ մարդուն ո՞նց կարող են ուղարկել բանակ, եթե մարդն ի վիճակի չէ 10 մետր վազի: Թող մի տարի էլ հետաձգեին, չէ՞ որ սրտի խնդիր ուներ, զոբի խնդիր ուներ»:

Հարցին, թե ինչ միջոցներով է ապրում Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը, նա պատասխանեց, որ մայրը թոշակ է ստանում, մի կերպ յոլա են գնում. «Մի երկու հատ էլ անասուն ունեն, մի օր կաթ խմելով, մի օր մածուն ուտելով էլի»:

ՀՀ վերաքննիչ դատարանը այսօր` հունվարի 31-ին, մերժեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը՝ իր պաշտպանյալի կալանքը երկու ամսով երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ, իսկ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դատարանի հունվարի 13-ի որոշմամբ` պահեստազորի գնդապետի խափանման միջոց կալանքը երկարացվել է արդեն երկրորդ անգամ:

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: