Ոստիկանությունը հաղորդում է, որ ԱՄԷ-ում սպանության եւ ադամանդների հափշտակության վերաբերյալ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկության հիման վրա ՀՀ հետախուզության գլխավոր վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով հունվարի 23-ին հայտնաբերել ու հենց օդանավակայանից բերման է ենթարկել հանցագործությունը կատարելու կասկածանքով Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող Դավիթաշենի բնակիչ 34-ամյա Հովհաննես Մելքոնյանին, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

«Զանգեց, կանչեց հնդիկը։ Ասեց՝ ապրանք կա, արի նայի։ Գնացի նայեցի, ահագին ապրանք էր, ասեցի, լավ հետո կգամ։ Կանգեցի, որ դուրս գամ, դռան մոտ խփեցի, ընկավ։ Ընկած տեղն էլ եմ մի երկու հատ խփել, սկոչով կապել եմ, գցել եմ տուալետ, ապրանքները վեկալել, դուրս եմ եկել։ Գնացի շորերս վերցրի, եկա Հայաստան»,- պատմել է Հովհաննեսը։

Օդանավակայանում նրան դիմավորել են ոստիկանները, եւ ճամպրուկի խուզարկությամբ գտել ադամանդները՝ օճառահեղուկի շշերի մեջ՝ մոտ 1058 գրամ ընդհանուր քաշով։

Նույն օրը Դավիթաշենից ոստիկանները բերման են ենթարկվել նույն գործով կասկածյալ Խոսրով Մելքոնյանին, Թադեւոսյան փողոցից՝ Սեմյոն Եդիգարյանին։

Հարուցվել է քրեական գործ՝ 215 հոդվածի՝ մաքսանենգության հատկանիշներով։ Քննությունը կատարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը։

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։

Ավելի վաղ NEWS.am-ը, The Times of India-ին վկայակոչելով, հաղորդել էր, որ Դուբայի Նաիֆ թաղամասում «հայկական մաֆիայի» կողմից ադամանդի մշակմամբ զբաղվող հնդկական առաջատար ընկերության իրացման ծառայության աշխատակից է սպանվել։ Colour Source ընկերության իրացման ծառայության աշխատակցին մահացած էին գտել շուկայի զուգարանում: Նա Դուբայում բնակվում էր իր հղի կնոջ հետ:

Թերթի տվյալներով՝  գողոնը գնահատվում է մոտ 1,3 մլն դոլար։