Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 1-ին, Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի՝ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ում կատարված դեպքերի առնչությամբ բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ քննիչին համապատասխան նյութեր չէին տրամադրվել:

Քննիչ Լյովա Մելքոնյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել քրեական գործով նյութերին ծանոթանալու համար, դատավորը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստը նշանակեց մարտի 3-ին։

2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն, հատկանիշներով: Վերջին մեղադրանքը հունվարի 13-ին հանվել էր:

Կիվիրյանը, սակայն, ոչ միայն չի ընդունում, որ ինքը ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրել, այլեւ պնդում է, որ ինքն է բռնության ենթարկվել ոստիկանի կողմից։

«Կոմիտաս 5-ում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից իմ հանդեպ իրականացվել են բռնություններ և ինձ բռնի կերպով տարել են ոստիկանության բաժին: Անտեսելով այդ մասին բազմաթիվ հաղորդումները՝ նոյեմբերի 6-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել ոստիկանների նկատմամբ չիրականացնել քրեական հետապնդում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը, որն իր փաստաբան Լուսինե Սահակյանի հետ դատարանում բողոքարկում էր այդ որոշումը:

Կիվիրյանն ասաց, որ իրենք բողոքարկել են վերադաս դատախազին, սակայն գործին ընթացք չի տրվել, այնուհետև բողոքարկել են դատարան` պահանջելով, որպեսզի վերացվի այդ որոշումը, ինչպես նաև հարուցվի քրեական գործ՝ իր հանդեպ ապօրինություններ իրականացրած ոստիկանների նկատմամբ:

Կիվիրյանն իր դեմ մեղադրանք առաջադրելը և իր հանդեպ բռնություն կիրառած ոստիկաններին չպատժելը որակեց որպես հաշվեհարդար. «Իշխանությունները իմ հասարակական, լրագրողական գործունեությունը խոչընդոտելու համար ամեն կերպ փորձում են իմ դեմ իրականացնել տարատեսակ հետապնդումներ` վարչական, նաև քրեական»:

Կիվիրյանը նշեց, որ ինքը շարունակելու է իրականացնել իր հասարակական գործունեությունը, և նման կերպ իրեն խոչընդոտելու փորձերը դատապարտված են ձախողման:

Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ եթե Հայաստանում դատավորները արդար որոշում չկայացնեն, իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի  ոստիկանները ենթարկվեն պատասխանատվության: