Նախախորհրդարանի ամենշաբաթյա երթ-ակցիայի թեման այսօր՝ փետրվարի 1-ին, Հիմնադիր խորհրդի ստեղծումն էր, դրա նպատակների մասին հանրության իրազեկումը։  Ըստ Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի, Հիմնադիր խորհուրդը կունենա 65 անդամ, որոնք կլինեն տարբեր բնագավառներից մասնագետներ, չեն ունենա դատվածություն եւ կվայելեն ժողովրդի վստահությունը:

Ինչպես նախորդ երթերի ժամանակ այս անգամ էլ Նախախորհրդարանի անդամները հնչեցրին համախմբվելու, «զավթած իշխանությունը ժողովրդին հանձնելու»  կոչեր:

«Նախախորհրդարանը կոչ է անում կազմակերպվել, ստեղծել համազգային դիմադրության շարժում, արհամարհել գործող պետական մարմիններին, պայքարել նրանց ապազգային եւ ապօրինի քայլերի դեմ, ձեւավորել ապագա Հայաստանի հիմնադիր խորհրդարանը»,- բարձրախոսով հայտարարեցին Նախախորհրդարանի անդամները։ 

«Պայքարը կյանք է, լռությունը՝ մահ», «Նոր խորհրդարան, նոր իշխանություն», «Վերջ ազգուրաց վարչախմբին», «Համակարգի դեմ նոր համակարգ» գրությամբ պաստառներով եւ եռագույն դրոշներով երթի մի քանի տասնյակ մասնակիցները Ազատության հրապարակից Թումանյան փողոցով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետեւ մետրոյով գնացին Շենգավիթ վարչական շրջան՝ այնտեղ շարունակելու իրազեկման երթը: