Քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանին ու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կնոջը՝ Ռուզան Բադալյանին այսօր` փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության Երևանի վարչությունում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրին փետրվարի 2-ին՝ քաղբանտարկյալներին նվիրված միջոցառմանը Ազատության հրապարակ ոգելից խմիչք չտանել, քանի որ դա արգելված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:

Փետրվարի 2-ի միջոցառման պատասխանատուներին Վալերի Օսիպյանն առաջարկեց նախատեսված շամպայնների փոխարեն իրենց հետ լիմոնադ տանել՝ նախազգուշացնելով, որ այլապես օրենքը խախտողները կենթարկվեն պատասխանատվության: Մատնանշելով օրենքի այն կետը, որ երթերի եւ հավաքների մասին պետք է իրազեկել ոչ ուշ, քան 7 օր առաջ, փոխոստիկանապետը նկատեց, որ նրանք արդեն խախտել են օրենքը` հավաքի մասին իրենց միայն մեկ օր առաջ տեղեկացնելով:

«Եթե վերջերս ոստիկանների և երթի մասնակիցների մեջ լուրջ բախումներ չեն լինում, դա միայն մեր հանդուրժողականության շնորհիվ է, քանի որ ակցիաների 80-90 %-ը արտոնված չեն»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Վրեժ Զատիկյանի խոսքով՝ իրենք ոչ աշխատանքային օրերի պատճառով ժամանակ չեն ունեցել միջոցառման մասին ոտիկանությանն ու քաղաքապետարանի ավելի շուտ իրազեկելու համար: Վրեժ Զատիկյանը խոստացավ միջոցառման մասնակիցներին տեղեկացնել ալկոհոլի արգելքի մասին միայն իր փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո:

«Մենք ասել էինք, որ պետք է խմիչք լինի մեզ հետ, բայց ամեն մեկին շատ քիչ էր հասնելու: Դա սիմվոլիկ էր լինելու, որ բոլորս միասին կենաց ասեինք: Բայց եթե օրենքն իսկապես այդպիսին է, մենք այդ օրենքը չենք խախտի»,- NEWS.am-ին ասաց Վրեժ Զատիկյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ազատության հրապարակում քաղբանտարկյալներին նվիրված միջոցառում է լինելու, որի ընթացքում նշելու են Շանթ Հարությունյանի ծնունդը: Ինչպես ասված է հավաքի մասին հայտարարությունում, կհնչեն երգեր, բարեմաղթանքներ, նաև կլինեն անակնկալներ: