Ազատության հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են նշելու Շանթ Հարությունյանի ծնունդը եւ աջակցություն հայտնելու բոլոր քաղբանտարկյալներին: Միջոցառումն անցկացվում է «գինի լից» խորագրով: Նախաձեռնողներն իրենց հետ բերել են մեծ տորթ, որի վրա գրված է ՝ Հայաստանն առանց քաղբանտարկյալների եւ ամրացված են Շանթ Հարությունյանի հետ նոյեմբերի 5-ին ձերբակալվածների, ապա կալանավորվածների լուսանկարները: (ֆոտոռեպորտաժ)

Քանի որ նախօրեին Շանթ Հարությունյանի կնոջն ու Վրեժ Զատիկյանին հրավիրել էին ոստիկանություն, որտեղ նախազգուշացրել էին փետրվարի 1-ին Ազատության հրապարակ ոգելից խմիչք չտանել, հավաքի կազմակերպիչները մանկական շամպայն են տարել իրենց հետ:

Հավաքի սկզբին ոստիկանները մոտեցան ԱՄԿ հիմնադիր Ստեփան Զատիկյանի որդի Վրեժ Զատիկյանին ու հրահանգեցին 20 րոպեից հեռանալ հրապարակից: Ավելի ուշ հավաքի մասնակիցներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հիշեցրեց, որ հավաքն արտոնված չէ, եւ որ նրանք իրավունք չունեն սեղաններ դնել Ազատության հրապարակում:

«Իսկ որտե՞ղ դնենք տորթը»,- հարցրեց Վրեժ Զատիկյանը, ինչին փոխոստիկանապետը պատասխանեց. «Ուզում եք՝ ձեռքերիդ վրա պահեք»:

Ազատության հրապարակում են քաղաքացիական ակտիվիստներ, նաեւ Շանթ Հարությունյանի ընկերները՝ նախկին  քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, Սարգիս Հացպանյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Հովսեփ Խուրշուդյանը, Անահիտ Բախշյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:Հնչում են Պարույր Հայրիկյանի, Արթուր Մեսչյանի երգերը: