Ազատության հրապարակում փետրվարի 2-ին  Շանթ Հարությունյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված «գինի լից» խորագրով միջոցառման համար հրապարակ բերված տորթը կտրելուց հետո մի հարբած տղամարդու եւ Շանթ Հարությունյանի տղայի՝ Շահենի միջեւ վիճաբանություն եղավ, որից հետո ոստիկանները պահանջեցին ավարտել միջոցառումը:

«Այդ տղամարդը եկավ, մամաս տորթ առաջարկեց, մամայիս վրա մունաթ եկավ: Ես իրեն ասեցի գնա ստեղից, ինչի՞ ես եկել, ինքը դոշիցս բռնեց, ուզում էր խփեր: Այդ ժամանակ ոստիկանները եկան, իրեն տարան»,-NEWS.am-ին պատմեց Շահենը՝ նշելով, որ տղամարդուն առաջին անգամ էր տեսնում:

Միջադեպից հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրապարակում հավաքվածներին հորդորեց դադարեցնել հավաքը՝ պատճառաբանելով, որ այն արոտնված չէ եւ վատ է կազմակերպված: Այնուհետեւ փոխոստիկանապետը հոսանքից անջատեց տեխնիկան՝  թույլ չտալով երաժշտություն միացնել եւ բարձրախոսով ելույթ ունենալ:

 «Պետք է կարգադրիչներ ունենայիք եւ հաշվի առնեիք,  որ հնարավոր է՝ նման բան կատարվեր: Եթե չեք ուզում ձեզ բաժին տանենք, ավարտեք ձեր միջոցառումը»,- դիմեց փոխոստիկանապետը հավաքի կազմակերպիչ Վրեժ Զատիկյանին:

Միջոցառման մասնակիցները շարունակեցին երգել առանց բարձրախոսի եւ  օգտվել հյուրասիրությունից ու կարճ ժամանակ հեռացան հրապարակից:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am