Ազատության հրապարակում փետրվարի 2-ին Շանթ Հարությունյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված «գինի լից» խորագրով միջոցառման ժամանակ կազմակերպիչներից Վրեժ Զատիկյանը ընթերցեց Շանթ Հարությանի ուղերձը` ուղղված ողջ հայությանը:
Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Տեղեկացա, որ Հայաստանի ակտիվ հասարակության մի զգալի հատված ցանկանում է իմանալ, թե ինչ եմ ես մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին եւ ինչ ելքեր եմ տեսնում համակարգային փոփոխությունների համար: Ստիպված եմ կրկնել բազմիցս ասած խոսքերս. Հայաստանին ու հայ ժողովրդին անհրաժեշտ է հեղափոխություն: Եւ հեղափոխություն անհրաժեշտ է ոչ միայն եւ ոչ այնքան երկրում իշխանափոխություն իրականացնելու, որքան քաղակրթական մտածողության այն փոփոխությունների համար, որոնք հայ ժողովրդին հնարավորություն կտան ոտք դնել 21-րդ դարին ադեկվատ ապրող եւ զարգացող երկրների ու ժողովուրդների ընտանիք: Նոյեմբերի 5-ին լրատվամիջոցներով հայտարարել էի հեղափոխության մասին՝ նշելով, որ այն կիրականացվի փայտերով, քարերով, մոլոտովյան կոկտեյլներով , կառավարական որոշ շենքեր գրավելով, եթե, իհարկե, 3-5 հազար հեղափոխական գտնվի 2-3 միլիոնանոց Հայաստանում: Հեղափոխության իմ այս կոչն արդեն երկու ամիս է՝ իրականացվում է Ուկրաինայում, որին աշխարհի հետ միասին ականատես են նաև Հայաստանի քաղաքացիները: Ուզում եմ ասել, որ երբ որևէ երկրում, ուր ռեժիմը համառում է, հեղափոխության ճանապարհն այլ ընթացք չի կարող ունենալ, քան վերը նշած մեթոդների կիրառումը: Վախկոտ ժողովուրդները միշտ էլ պատճառաբանություններ կգտնեն իրենց վախը քողարկելու՝ հեղափոխությունից հրաժարվելու և իրական հեղափոխականներին վարկաբեկելու համար: Պատմությունը ցույց է տվել, որ նման ժողովուրդները երբեք չեն արժանանում ոչ ազատության և ոչ էլ երջանիկ ու բարեկեցիկ կյանքի. նմաններին մեր էպոսը «ցռան վերգոներ» է կոչել: Եթե նոյեմբերի 5-ին աշխարհին պարզ դարձավ, որ Հայաստանում ընդհամենը 15-20 հոգի է պատրաստ հեղափոխական մեթոդներով պայքարել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի երջանկության, ապա այսօր՝ երեք ամիս անց, Հայաստանի քաղաքացիներն իրենք իրենց պետք է պատասխանեն՝ երկրում կա՞ 3-5 հազար քաղաքացի, որ պատրաստ է հեղափոխության հաղթանակի համար փողոց դուրս գալ: Բոլոր ժամանակներում վախկոտ ժողովուրդներն ունեցել են և ունեն ընդամենը մեկ կարգավիճակ՝ արժանապատվությունից զուրկ ստրուկի կարգավիճակ, և ընդամենը մեկ «ձեռքբերում»՝ արհամարհանք արժանապատիվ ազգերի կողմից: Այս օրերին ու ամիսներին են Հայաստանն ու հայ ժողովուրդը ընտրում իրենց կարգավիճակը»:
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան նաեւ պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը եւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որն ընթերցեց հորը նվիրված բանաստեղծություն:
Ստորեւ ներկայացնում ենք բանաստեղծությունից մի հատված.
«Վախենում եք իմ մտքերից...
Մտքեր որոնց չափով զսպաշապիկ դեռ չեք կարել:
Չունեք ճաղեր եւ շղթաներ, որ կսանձեն թեւերը նրանց:
Այդ պատճառով որոշում եք, դատավճռում,
Որ ես գիժ եմ...
Ու թե գիժ եմ, ուրեմն կայծ, ուրեմն շանթ,
Ուրեմն Շանթ, ուրեմն պայթյուն...
Ու կստանաք խենթ գժերի հեղաշրջում:











