Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ փետրվարի 3-ին, բավարարեց օգոտոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մոտից բռնությամբ Կենտրոնի բաժին բերման ենթարկվելու եւ ոստիկանությունում ապօրինի 3 ժամից ավելի պահվելու վերաբերյալ՝ ընդդեմ ոստիկանության Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հայցը` վերացնելով ոստիկանների հանդեպ քրեական հետապնդում չիրականցնելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը:
«Այս որոշումը ցույց տվեց, որ համառ պայքարը որոշակի առումներով տալիս է արդյունք: Սա վերջնական որոշում չի ու կարող է չհասնել արդյունքի: Իրենք կարող են հարուցել քրեական գործ, սակայն որևէ արդյունքի չհասնել»,- նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Արգիշտի Կիվիրյանը` նշելով, որ իր համար վերջնական որոշում կլինի բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ մեղադրական դատավճիռը։
Հիշեցնենք,որ նախորդ նիստին դատարանն ուսումնասիրել էր մեղադրող կողմի ներկայացրած նյութերը՝ երկու լուսանկար եւ մեկ տեսաձայնագրություն։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի դիմաց արված լուսանկարներից երեւում էր, որ Կիվիրյանը ոստիկանությունից դուրս է եկել ժամը 15։42-ին։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի տեսագրությունից երեւում է, որ նրան բերման են ենթարկել ժամը 12։21-ից առաջ, այսինքն՝ օրենքով նախատեսվածից 20 րոպե ավելի են նրան պահել ոստիկանությունում։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











