Վահան Գրիգորյանն ու Գեւորգ Մկրտչյանը մեղադրվում են ճանապարհային ոստիկաններ Վիրաբ Առաքելյանին եւ Նաիրի Սահակյանին շանտաժ անելու եւ կես միլիոն գումար պահանջելու մեջ:
Հունվարի 27-ին ճանապարհային տեսուչներ Վիրաբ Առաքելյանն ու Նաիրի Սահակյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչություն զեկուցագիր էին ներկայացրել այն մասին, որ հունվարի 25-ին քաղաքացի Վահան Գրիգորյանը Երեւան-Արմավիր ավտոճանապարհին խախտել է երթեւեկության կանոնները եւ Առաքելյանին մի քանի հազար դրամ տալով, արագ հեռացել: Ոստիկանները հետապնդել են քաղաքացիներին եւ պարզել, որ գումար տալու ամբողջ ընթացքը նկարահանվում է: Գրիգորյանն ու Մկրտչյանը պահանջել են կես միլիոն դրամ, սակայն վերջիվերջո համաձայնության եկել 400 հազար դրամի վրա:
Հունվարի 28-ին գումարը վերցնելու պահին ոստիկանները բռնել են մեղավորներին: Պարզվել է նաեւ, որ ճանապարհային ոստիկաններն իրենք են երթեւեկության կանոնները խախտելու համար քաղաքացիներից գումար վերցրել: Նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











