ՀՊՏՀ-ում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, այսպես կոչված, ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերի հետեւելով տպավորություն ստեղծվեց, որ տնտեսագիտական համալսարանը ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ եւ այդ խուլիգանների որջը ղեկավարվում է հենց անձամբ ռեկտորի կողմից, որն այդ դեպքում հանդես էր գալիս որպես այդ խուլիգանների ղեկավար: Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ին ԱԺ նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՀՊՏՀ խորհրդի ղեկավարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է:
«Հարցս հետեւյալն է…»,- սակայն մինչ նա կշարունակեր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց Նիկոլ Փաշինյանին խոսել թեմայի վերաբերյալ եւ պահպանել կոռեկտություն:
«Ասեմ, որ ԱԺ նախագահը այդ հարցին արդեն պատասխանել է»,- ասաց Է. Շարմազանովը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նա հարցը դեռ չի հնչեցրել եւ, հետեւաբար, ինչպես կարող է ԱԺ նախագահը պատասխանել: «Ինչո՞ւ մինչեւ հիմա հեռացված չեն այդ խուլիգան ուսաողները, ինչո՞ւ հեռացված չէ ռեկտոր Կորյուն Աթոյանը եւ այն դեպքում, երբ այդ խուլիգանության մասնակիցները լուսանկար ունեն Սերժ Սարգսյանի հետ, ձեզ հետ եւ միթե դա նշանակում է, որ Ձեր, կամ Սերժ Սարգսյանի հետ լուսանկարված անձինք ունեն ինդուլգենցիա ՀՀ քրեական օրենսգրքի խախտելու: Ընդ որում ամենաթույլ իրավաբանը եւս կասի, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք ՔՕ առնվազն երկու հոդվածի հետ»,-հայտարարեց Փաշինյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սակայն նշեց, որ համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումների հետ. «Ձեզ մոտ դարձել է սովորույթ, որ փորձում եք վիրավորել մարդկանց: Ճիշտ չէ անձերին կամ կառույցներին վիրավորելով՝ ձեր իմիջը բարձրացնելով: Եթե դուք ունեք իրավապահ մարմինների կարծիք, որ խուլիգանություն է կատարվել բուհում, ես պատրաստ եմ, որպես բուհի նախագահ, նման մարդկանց պատժել: Դրանք շինծու գործողություններ են եղել, փորձել են ստվեր գցել քաղաքապետի այդ քայլին վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











