Ոստիկանությունը հունվարի 27-ին Աբովյան  քաղաքում գողություն կատարելու կասկածանքով  բերման է ենթարկել Արման Պետրոսյանին եւ Արթուր Ասլանյանին, որոնք ոստիկանության բաժնում խոստովանել են իրենց մեղքը՝ ասելով, որ կողոպուտը կազմակերպել են, որպեսզի կարողանան կուտակած պարտքերը վճարել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատանիները գողությունը կատարել են միասին. Արմանը թիկունքից մոտեցել է անծանոթ տիկնոջը, խլել պայուսակը եւ փախել, հետո տիկնոջը մոտեցել է Արթուրը, ձեւացրել, թե ցանկանում է օգնել եւ պայուսակը հետ բերելու պատրվակով վազել ընկերոջ հետեւից:

Տուժողը դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին, որից հետո ոստիկանության աշխատակիցները  գտել  են պայուսակը:  Տղաները վերցրել էին 205 հազար դրամ եւ ընդհանուր 20 հազար դրամ արժողությամբ իրեր՝ պայուսակում թողնելով փաստաթղթեր, մեքենայի եւ բնակարանի բանալիները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝  ոստիկանության տեսնյութում: