Մադրիդի ավտոկանգառներից մեկի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է 34-ամյա տղամարդը դանակի սպառնալիքով գողացել մի կնոջ մեքենա, որի մեջ եղել է նրա 16 ամսական որդին:

Տեսագրությունում երևում է` ինչպես է կինը նստում մեքենան և փորձում ամրագոտին ամրացնել ու այդ պահին մի տղամարդ մոտենում է մեքենային, բացում առջևի ուղևորի դուռը, նստում և փորձում կնոջը դուրս հանել մեքենայից:

Կինն ամեն կերպ պայքարում է, որ դուրս չգա մեքենայից, բայց ապարդյուն: Չկարողանալով միայնակ պայքարել տղամարդու դեմ՝ նա օգնություն է կանչում: Մի քանի ականատեսներ օգնության են հասնում նրան, փորձում ամեն կերպ կանգնեցնել մեքենան, բայց նրանց էլ դա չի հաջողվում։

Գողին հաջողվում է ազատվել մեքենայի դուռը բաց չթողնող հուսահատ մորից և նրան օգնության հասած ականատեսներից ու մեքենայով հեռանալ:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ ավտոկանգառից դուրս գալուց հետո նա կանգնեցրել է մեենան եւ ճանապարհից վերցրել իր 29-ամյա ընկերուհուն։

Զույգը մեքենայով մի քանի մղոն հեռացել է, հետո կանգնեցրել այն ու փախուստի դիմել:

Մի քանի րոպե հետո ոստիկաններին հաջողվել է գտնել մեքենան, որի մեջ եղել է նաև փոքրիկ տղան:

Ոստիկանները մեքենայի մեջ թողած մատնահետքերի օգնությամբ դեպքի հաջորդ օրը գտնել են զույգին և ձերբակալել: